«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ադրբեջանի քաղաքական դիլեման

Ադրբեջանի քաղաքական դիլեման
13.10.2026 | 18:06

Արևմտյան-քրիստոնեական երկրներում ներքին քաղաքականությունը ձևավորվում է՝ «աջ», «ձախ», կամ «կենտրոնամետ» գաղափարների տրամաբանության շուրջ: Կրոնը վաղուց դուրս է մղվել քաղաքական օրակարգից, և դա շատ նորմալ է:

Մահմեդական աշխարհի գրեթե բոլոր երկրներում կրոնը քաղաքական օրակարգի անբաժանելի մասն է: Կան ծայրահեղ և չափավոր կրոնական հոսանքներ, քաղաքական իսլամի տարբեր դրսևորումներ:

1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո սոցիալիզմի և կոմունիզմի ազդեցությունը տարածվեց նաև մահմեդական աշխարհի վրա: Հետագայում Սովետական միության և Արևմուտքի ազդեցության գոտիներում հայտնված մահմեդական երկրներում հաստատվեցին աշխարհիկ կարգեր:

Մինչ այդ, Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Աթաթուրքը արագ կողմնորոշվեց և Թուրքիան հայտարարեց աշխարհիկ երկիր: Դա ստրատեգիակն նշանակություն ունեցող պատմական որոշում էր, ինչի հետևանքով Թուրքիան պահպանեց իր գոյությունը՝ խաղալով Արևմուտքի ու Սովետի միջև:

Բայց Սովետի փլուզումից հետո աշխարհիկ Թուրքիան կանգնեց բարդ քաղաքական ընտրության առջև: Աշխարհիկ, լիբերալ ու դեմոկրատական ուղիները այդ երկիրը տանում էին մեծ ցնցումների, որոնք ջրի երես պիտի հանեին հայկական, քրդական, հունական և այլ խորքային հարցեր:

Էրդողանն ու իր շրջապատը, վտանգը հասկանալով, Թուրքիայի ղեկը Աթաթուրքի ուղուց շրջեցին դեպի քաղաքական իսլամ: Շարիաթ չհայտարարվեց, ծայրահեղ իսլամը նույնպես Թուրքիայի համար մահացու վտանգ է, բայց այս ընթացքի հանգրվանը նույնպես պարզ չէ: Թուրքիան Իրան չի կարող դառնալ բազմաթիվ պատճառներով, Պակիստանի կամ արաբական մյուս երկրների ուղով նույնպես գնալ չի կարող, քանզի Թուրքիայում աշխարհիկ կարգերի կողմնակիցների ստվար հատված կա:

Համաշխարհային իրադարձությունները այսպիսի արագ զարգացում երբեք չեն ունեցել: Այժմ այնպիսի ժամանակներ են, երբ կարող ենք առավոտյան արթնանալ ու պարզվի, որ հայտնվել ենք բոլորովին նոր աշխարհում: Արևմտյան աշխարհը քաղաքական աջ ու ձախ գլուխկոտրուկի առջև է: Երկու ճանապարհներն էլ տանում են միևնույն փակուղին, կապիտալի արդար վերաբաշխման հարցի լուծման տարբերակ չկա:

Մահմեդական աշխարհը նույնիսկ այդ աշխարհիկ աջի ու ձախի օրակարգի շռայլությունը չունի, չնայած աղքատ ժողովուրդների միտքը ամենուր դեպի ձախ է:

Հետաքրքիր է նաև Արևմտյան քրիստոնյա աշխարհից ու մահմդական աշխարհից դուրս գտնվող Իսրայելի իրավիճակը: Իսրայելցիների առջև մոտ տասը տարի դրվել է կղերականների, ազգայնականների ու ձախերի ընտրությունը: Հրեաները հասկանալով, որ գտնվում են չափազանց բարդ աշխարհագրական դիրքում, որոշեցին խաղարկել «սեմական» մեծ ծրագիր և անտեր ու անգաղափար արաբական երկրների հետ կազմավորել մի մեծ եղբայրական՝ սեմական միություն: Դրան զուգահեռ՝ Ուկրաինայի միջոցով փորձեցին իրագործել Նոր Խազարիայի ծրագիրը: Բայց այդ ծրագրերը անբնական և ուտոպիստական են: Մի քանի օր հետո Իսրայելում ընտրություններ են, և եթե կղերական մաֆիան այդ ընտրություններում պարտվի, Իսրայելի զարգացման վեկտորը միանշանակ փոխվելու է: Հրեաները բարձր ինտելեկտով օժտված ժողովուրդ են, հասկանում են, որ հետադիմական կրոնավորներն ու ծայրահեղական սիոնիզմը Իսրայելին ոչ մի լավ տեղ չեն տանելու:

Բոլշևիկների կողմից ստեղծված մեր հարևան Ադրբեջանը, ի սկզբանե մյուս սովետական հանրապետությունների պես, աշխարհիկ միավոր էր: Սովետի փլուզումից հետո Ադրբեջանը արդեն իսկ կանգնելու էր կարևոր ընտրության առաջ: Ու՞ր գնալ՝ աջ, ձախ, իսլամ, հյուսիս, հարավ, արևմուտք...

Այս բարդագույն ընտրությունը կատարելուց Ադրբեջանին փրկեցին հայերը՝ Ղարաբաղի հարցով, որը Ադրբեջանի համար պարզապես երկնքից ընկած մանանա էր: Ազերիները արագ ազատվեցին ծանրակշիռ ու ազդեցիկ հայկական ներկայությունից՝ հայերից ազատելով երկրի սիրտը՝ Բաքուն, Կիրովաբադը, Սումգայիթը:

Հայերին ժամանակավորապես զոհաբերվեց գավառական Ղարաբաղը՝ հարակից 7 շրջաններով:

Հայերը մինչ օրս այդպես էլ չեն հասկացել, թե ինչ են կորցրել Ղարաբաղյան պրովոկացիայի պատճառով: Այդ կորստի անունը ԱԴՐԲԵՋԱՆ է: Այո, չլիներ Ղարաբաղի հարցը, Ադրբեջանը շարունակելու էր մնալ հայկական ազդեցության ներքո...

Ինչևէ, եղածը եղած է, այժմ Ադրբեջանը հետ է գրավել Ղարաբաղն ու 7 շրջանները և, ուզած թե չուզած, կանգնել է հին ընտրության առաջ՝ ու՞ր գնալ...

Ղարաբաղով ու հաղթանակով մարդկանց կերակրել չի կարելի, Արևմտյան Ադրբեջանի մասին բարբաջանքները հասարակության լայն շերտերին հետաքրքիր չեն: Այդ շերտերի համակրանքը երբեմնի թշնամի Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ավելի մեծ է, քան՝ Իլհամ Ալիևի: Եվ ինչքան շատ է Նիկոլը նրանց սրտիկներ ուղարկում, այդքան Ալիևի ընտրությունը բարդանում է:

Ընդ որում, Իսրայելում Նաթանյահուի և ծայրահեղ կրոնականների ու սիոնիստների պարտությունը էլ ավելի է բարդացնելու Ադրբեջանի քաղաքական ընտրության հարցը: Մեկ ամսից ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններն են, որոց արդյունքում նույնպես մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսի հրեական լոբբին կարող է զգալիորեն կրճատվել: Պատահական չէր, որ Թրամփի ու Պուտինի վերջին հեռախոսազրույցից հետո կրկին դրվեց Զելենսկու հեռանալու և Ուկրաինայում նոր ընտրություններ կազմակերպելու հարցը:

Այս բոլոր հարցերը Ադրբեջանի քաղաքական ընտրության ու ապագայի հետ ունեն շատ սերտ կապեր:

Ալիևը, լինելով հմուտ խաղացող, փորձում է նախօրոք պատրաստվել նոր գլոբալ ու տարածաշրջանային կոնյուկտուրային: Դա է պատճառը, որ Ադրբեջանում բարձրացվել է աշխարհիկ պետության կոնցեպտի գերակայության թեման, և այդ առթիվ դպրոցներում աղջիկ երեխաներին արգելվել է գլխաշորով դպրոց հաճախելը:

Ադրբեջանական հասարակության մեջ առկա է շերտ, որն իրեն մուսուլման է համարում և ապրում է կրոնական օրենքներով: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այդ շերտը ակտիվ մասնակցություն է ունեցել, բայց պատերազմից հետո իշխանության համար այն կրկին վտանգավոր է:

Զսպենք մեր էմոցիաները, կենտրոնանանք բացառապես ներքին խնդիրների վրա, որոնք շատ-շատ են, և դրանցից են կախված գալիք հաջողությունները:

Արա Արայան

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ